Գրառումներ Մտքեր, որ փայտից են պատրաստում
Մտքեր, որ փայտից են պատրաստում
Cancel

Մտքեր, որ փայտից են պատրաստում

Մի օր դպրոց գնալիս Կարէնը հարեւան Վիլեն պապիկի ծառից մի ճիւղ պոկեց։ Մինչ դպրոց հասնելը նա մաքրեց ճիւղի վրայ եղած բոլոր տերեւները, ապա բաժանեց այն մանր կտորների եւ գցեց դպրոցի դիմաց։

Դասի ժամին ուսուցիչը Կարէնին դաս հարցրեց, բայց Կարէնը դասը չէր սովորել։ Նա կանգնեց գրատախտակի մօտ եւ ոչ մի բառ չկարողացաւ ասել։ Ուսուցիչը ջղայնացաւ նրա վրայ եւ ամբողջ դասարանի առջեւ ամօթանք տուեց։

Դասերից յետոյ, երբ Կարէնը տուն էր վերադառնում, նա անցաւ Վիլեն պապիկի ծառի մօտով եւ նորից մի ճիւղ պոկեց։ Աստիճանները բարձրանալիս նա գցեց ճիւղի կտորները մի հարկ ներքեւ, որ իրենց հարկը չկեղտոտուի։

Տանը, Կարէնի հայրիկը ստուգեց նրա օրագիրը եւ տեսաւ, որ երկուս է ստացել։ Նա շատ ջղայնացաւ Կարէնի վրայ եւ արգելեց վիդեոխաղեր խաղալ։

Երեկոյեան ժամը 7-ին՝ երբ դրսում արդէն հով էր, Սամուելը եկաւ Կարէնենց բակ եւ դուրս կանչեց նրան։ Քանի որ Կարէնը դասերը չէր սովորել նրան դուրս չթողեցին։

Յաջորդ օրը դասի գնալիս Կարէնը պոկեց Վիլեն պապիկի ծառից եւս մի ճիւղ եւ մատների արանքում պտտելով դասի գնաց։ Այս անգամ նրան գրատախտակի մօտ կանչեց երկրաչափութեան ուսուցիչը եւ յանձնարարեց գտնել x-ը։ Կարէնը երկար նայեց արտայայտութեանը, յետոյ նայեց դասընկերներին ակնկալելով մի յուշում ստանալ։ Հայկը, որը Կարէնի մօտ ընկերն էր ինչ-որ բան ցոյց տուեց մատների վրայ, բայց Կարէնը այդպէս էլ ոչ մի բան չհասկացաւ։ Ուսուցիչը ջղայնացաւ երկուսի վրայ եւ դուրս հանեց դասարանից։

Տուն գնալիս Կարէնը պոկեց Վիլեն պապիկի ծառից մի մեծ ճիւղ, ջղայնացած մի քանի մասի բաժանեց այն եւ գցեց իրենց հարկի աստիճանների վրայ։ Կարէնի մայրը տեսաւ, որ աստիճանները կեղտոտուել են, ջղայնացաւ Կարէնի վրայ։ Իսկ երբ նրա հայրը ստուգեց օրագիրը խոստացաւ, որ այլեւս երբեք թոյլ չի տայ նրան վիդեոխաղեր խաղալ։

Առաւօտեան երբ Կարէնը անցնում էր Վիլեն պապիկի ծառի մօտով, այս անգամ նա ոչ մի ճիւղ չպոկեց։ Դպրոցում ուսուցիչը դաս չհարցրեց իսկ տանը նրան ոչ մի դիտողութիւն չարեցին։

Այդպէս եղաւ նաեւ յաջորդ օրը։

Կարէնը մտածեց, որ Վիլեն պապիկի ծառը ինչ-որ կապ ունի իր անյաջողութիւնների հետ եւ որոշեց համոզուելու համար եւս մի ճիւղ պոկել։

Յաջորդ առաւօտ դասի գնալիս նա պոկոց Վիլեն պապիկի ծառից շատ փոքր մի ճիւղ։ Դա բաւարար կը լինէր զգալու ծառի ազդեցութիւնը եւ ոչ այնքան մեծ, որ լուրջ խնդիրներ յարուցեր։

Դպրոցում ուսուցիչը Կարէնին դաս հարցրեց սակայն տեսնելով, որ նա պատրաստ չէ յանձնարարեց պատասխանել յաջորդ դասին։ Կարէնը մտածեց, որ ծառը ամէն դէպքում ջղայնացել է իր վրայ եւ որոշեց այլեւս չվնասել այն։

Երբ Կարէնը ու Սամուելը դրսում խաղում էին, Սամուելը պոկեց Վիլեն պապիկի ծառից մի ճիւղ որպէսզի դրանով նետ պատրաստի։ Կարէնը ամբողջ օրուայ ընթացքում սպասում էր, թե երբ է ծառը պատժելու ընկերոջը։ Սկզբում նա ցանկացաւ զգուշացնել նրան բայց յետոյ մտածեց, որ դա ծիծաղելի կը հնչի եւ որոշեց պատմել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ վատ բան տեղի կունենայ։

Երեկոյեան հեծանիւ քշելիս Սամուելը ընկաւ եւ վնասեց ոտքը։ Այդ ժամանակ Կարէնը նրան պատմեց Վիլեն պապիկի ծառի գաղտնիքը։

— Իսկ միւս ծառերը՞,— հարցրեց Սամուելը։
— Միւս ծառերը չեմ փորձել։

Նրանք գնացին այգի եւ սկսեցին ամէն ծառից մի ճիւղ պոկել։ Այգում նստած պապիկը, երբ տեսաւ թե ինչպէս են նրանք կոտրում ծառերը, վեր կացաւ տեղից եւ հայհոյելով եկաւ նրանց կողմ։ Կարէնը ու Սամուելը փախան այգուց եւ մտածեցին, որ ծառերը ջղայնացել են։

— Բայց ինչպէ՞ս են ծառերը ջղայնանում,— հարցրեց Սամուելը։
— Երեւի ջղայն օդ են տարածում մեր մասին,— պատասխանեց Կարէնը, որ երկար էր մտածել այդ մասին։
— Իսկ եթե ջրե՞նք, արդեօ՞ք բարի օդ կը տարածեն,— զարմացած հարցրեց Սամուելը։
— Չգիտեմ, պէտք է փորձել։

Նրանց վերադարձան այգի եւ սկսեցին ջրել ծառերը։ Այգում նստած տարեցները տեսան, որ տղաները ջրում են ծառերը եւ շատ ուրախացան։ Կարէնին եւ Սամուելին լաւ բաներ ասացին եւ շնորհակալութիւն յայտնեցին։ Այդպէս տղաները սկսեցին մտածել, որ ծառերը կարողանում են ազդել մարդկանց վրայ։ Ամէն անգամ, երբ մի վատ բան էր տեղի ունենում նրանք փորձում էին յիշել, թե ինչ վնաս են տուել ծառերին եւ ինչպէս կարող են քաւել իրենց մեղքը։

Ուսումնական տարուայ վերջին օրն էր։ Ուսուցիչը բաժանեց ստուգողական աշխատանքները եւ կարդալով աշակերտների անունները հարցրեց, թե ով ինչ գնահատական է ստացել։ Կարէնը այդ օրը երկուս էր ստացել սակայն, երբ ուսուցիչը կարդաց իր անունը նա ասաց, թե երեք է ստացել։ Ուսուցիչը տեսաւ, որ Կարէնը փորձում է խաբել իրեն եւ շատ բարկացաւ։

— Բայց ինչպէ՞ս իմացաւ, որ երկուս եմ ստացել,— ցածր ձայնով հարցրեց Հայկին։
— Դէ ինքն է ստուգել, ո՞նց կարող էր չիմանալ,— պատասխանեց Հայկը։
— Հո՞ բոլորի գնահատականները անգիր չի յիշում,— ասաց Կարէնը,— այստեղ ծառերի մատն է խառը։
— Ի՞նչ ծառեր,— զարմացած հարցրեց Հայկը։
— Դու չգիտես, ոչ մի բան,— ասաց Կարէնը եւ քթի տակ շարունակեց,— դէ ամէն բան պարզ է, չէ ո՞ր տետրի թուղթը փայտից են պատրաստում։