Գրառումներ Սահմաններ
Սահմաններ
Cancel

Սահմաններ

Հազարաւոր տարիներ առաջ, երբ մարդիկ սկսել էին խանգարել իրար, հաւաքուեցին աշխարհի բոլոր իմաստունները եւ որոշեցին սահմաններ գծել։

Իմաստունները երկա՜ր, երկա՜ր մտածեցին եւ արդիւնքում որոշեցին բաժանել աշխարհը մարդկանց հետաքրքրութիւններին համապատասխան։ Մի երկիր տուեցին նկարիչներին, մի երկիր՝ փիլիսոփաներին, մի երկիր՝ երաժիշտներին եւ այդպէս մի երկիր էլ շինարարներին հասաւ։

Կարծես թե բոլորը գոհ էին։ Աշխարհը զարգանում էր, մարդիկ հմտանում էին իսկ իմաստունները արդէն վաղուց մահացել էին։

Մի օր շինարարները ձանձրացան իրենց գործից եւ որոշեցին այլ բանով զբաղուել։ Նրանք շրջեցին աշխարհի տարբեր երկրներով, սովորեցին երգել, գրել, նկարել, պարել, փիլիսոփայել, ապա վերադարձան իրենց երկիր եւ որոշեցին նոր աշխարհ ստեղծեցին դրա մէջ։

Անցան տարիներ, շինարարները շատացան եւ սկսեցին խանգարել միմեանց։ Նկարիչ շինարարը խանգարում էր բժիշկ շինարարին, երաժիշտ շինարարը՝ գրող շինարարին իսկ մտաւորականը խանգարում էր բոլորին։ Աւաղ այդ ժամանակ իմաստուններ էլ չկային աշխարհում։ Շինարարները որոշեցին իրենց երկրում սահմաններ գծել, բաժանուել միմեանցից եւ անկախ դառնալ։ Նրանք առանց գիտակցելու թուլացրեցին իրենց երկիրը, կորցրեցին ինքնութիւնը եւ այդպէս էլ չզարգացան ոչ մի ուղղութեամբ։